
Այսօր առավոտյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երեկ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը օդանավակայանի ճանապարհին Ռուսաստանի արտգործնախարարին դիմավորել է «Պուտինը մարդասպան է» գրությամբ պաստառով։ Դեպքի վայրում եղել է ոստիկանական մեքենա, սակայն պարեկները ոչ մի կերպ չեն միջամտել ակցիային։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին և 21-ին աշխատանքային այցով գտնվելու է Երևանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Երևան կատարած այցի ընթացքում Լավրովը բանակցություններ կվարի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։